Բարի գիշե՞ր, թե՞ մնաս բարով . . .

Նյու Յորքում ավտովթարից վիրավորված, ջախջախված ու մահամերձ մի մարդու տեղափոխեցին հիվանդանոց: Բժշկական քննությունից հետո նրան ասացին, որ երկու ժամվա կյանք ունի: Երբ այդ մարդը գիտակցեց այն երանելի և օրհնյալ վիճակը, որը քիչ հետո պիտի վայելի Տիրոջ մոտ, ցանկություն հայտնեց տեսնելու իր ընտանիքի անդամներին ու հրաժեշտ տալու նրանց: Ընտանիքի անդամներին հավաքելով իր անկողնու շուրջը` նա սկսեց խոսել: Նախ դիմեց կնոջն ու ասաց.
– Սիրելի՛ կինս, այս երկրավոր կյանքում դու իմ լավագույն օգնականը եղար: Քո մեծագույն ծառայությունը իմ հոգևոր կյանքը բարձրացնելն էր: Շատ անգամներ նկատել եմ` ինչպես է Աստծո շնորհքը փայլում քո դեմքի վրա: Այն օրհնյալ ու փառավոր արշալույսին նորից կհանդիպեմ քեզ, բարի գիշեր…
Ապա դիմեց աղջկան.
– Մե՛րի, դու իմ անդրանիկ զավակն ես: Ես քո մեջ տեսնում եմ այն համեստ ու քաղցրաբարո աղջնակին, որը մեզ շնորհվեց մեր ընտանիքի շինության ու պահպանման համար: Օ՜, աղջի՛կս, ես այնքա՜ն ուրախ եմ քո բարեպաշտության համար: Ուստի, քեզ էլ եմ ասում` բարի գիշեր…
Հետո մահամերձը դարձավ իր մեծ որդուն և ասաց նրան.
– Որդյա՛կս, քո ծնունդը օրհնություն բերեց մեր ընտանիքին: Վի՛լլի, դու օրինակելի մարդ դարձար, սիրեցիր քո հոր եկեղեցին ու հորդ Աստծուն: Վստահ եմ, որ դու դեռ պիտի աճես քրիստոնեական առաքինությունների ու շնորհքների մեջ, հորդ սերը և օրհնությունները քեզ վրա են: Վի՛լլի, բարի գիշեր…
Չարլզը հիվանդի երկրորդ որդին էր: Նա իր անվայել և ամբարտավան ընթացքով խիստ վշտացրել էր իր ծնողներին: Երբ հերթը հասավ նրան, հայրը շրջվեց դեպի փոքր աղջիկն ու ասաց նրան.
– Գրե՛յս, աղջի՛կս, դու մեր սրտերը լցրեցիր օրհնության ու փառաբանության երգերով: Երբ եկեղեցում կյանքդ Քրիստոսին նվիրեցիր, հորդ ուրախության բաժակը լցրիր: Հիմա քեզ էլ եմ ասում` բարի գիշեր, աղջի՛կս:
Մահամերձը շրջվեց դեպի Չարլզը, ում հերթից դուրս էր թողել, կանչեց նրան ու ասաց.
– Չա՛րլզ, դու շատ խոստումնալից երիտասարդ էիր: Մենք` մայրդ ու ես, հավատում էինք, որ դու ազնվության ու բարության մեջ գովելի կլինես: Քեզ համար լավագույնը արեցինք, ինչպես մյուս զավակների համար էլ, սակայն դու մեզ հուսախաբ արեցիր ու քայլեցիր լայն ճանապարհով, որը կորստյան է տանում: Դու չպատկառեցիր մեր խրատներից, չհարգեցիր Աստծո Խոսքի զգուշացնող պատգամները և չխոնարհվեցիր Փրկչի ձայնի առջև: Չա՛րլզ, դու գիտես, որ քեզ միշտ սիրել եմ ու դեռ սիրում եմ: Ահա քեզ նույնպես ասում եմ` մնաս բարով, Չարլզ…
Չարլզը, հուզվելով հոր ազդեցիկ ու տխուր խոսքերից, փղձկաց ու ողբալով ասաց.
– Օ՜, հա՛յր իմ, ինչո՞ւ մյուս զավակներիդ ասացիր բարի գիշեր, իսկ ինձ` մնաս բարով…
Հայրն ասաց.
– Դրա պատճառը շատ պարզ է: Գիտեմ, որ նրանց նորից կտեսնեմ փառավոր արշալույսին, սակայն քեզ չեմ տեսնի նրանց հետ: Այս պատճառով քեզ ասում եմ` մնաս բարով, Չարլզ…
Չարլզը ծնկի եկավ մահամերձ հոր անկողնու մոտ ու, արտասվելով, խոստովանեց իր մեղքերը: Նա զղջաց ու ապաշխարեց այդտեղ, որպեսզի կարողանա նորից միանալ հորը այն օրհնյալ ու փառավոր արշալույսին: Հայրը, տեսնելով որդու անկեղծությունը, ասաց.
– Ուրեմն Աստված քեզ կլսի ու կփրկի: Ուրեմն, Չա՛րլզ, քեզ էլ եմ ասում` բարի գիշեր…
Երբ մահամերձ հոր ցավերը սաստկացան ու մահը մոտ էր, նա նորից բացեց աչքերն ու մեկ անգամ ևս ասաց.
– Չա՛րլզ, տղա՛ս, բարի գիշեր,- ու հոգին ավանդեց:
Այժմ Չարլզը Հիսուս Քրիստոսի Ավետարանի սպասավոր է:
Նա գործում է ու սպասում Տիրոջ գալստյանն ու այն օրհնյալ արշալույսին, երբ նորից կմիանա սիրելի հորն ու նորից կլսի նրա խոսքերը.
– Գիշերն անցավ, ցերեկը եկավ, օ՜, ի՜նչ երջանիկ ժամ է: Բարի լո՛ւյս, Չարլզ, բարի լո՛ւյս…
Ո՛վ ծնողներ, տղաներ և աղջիկներ, կապվե՛ք միմյանց հետ Սուրբ Հոգու և անարատ սիրո կապով: Այս կյանքը փոքրիկ անկողին կպատրաստի մեզ համար, որ Աստծո քաղաքի մեջ վերստին արթնանանք:
Երբ գործերդ ավարտես և ստիպված այդ անկողնում մահվան քուն մտնես, ի՞նչ պիտի ասես քո սիրելիներին`գարի գիշե՞ր, թե՞ մնաս բարով…

Սեպտեմբեր, 2009թ., N 4 ( 4 )