Ինչպես ենք մենք վերաբերվում մեր դեմ խոսողներին

 «Իշխաններ ալ կը նստէին ու ինծի դէմ կը խօսէին, բայց քու ծառադ
քու կանոններուդ վրայով կը մտածէր»: 
Սաղմոս 119:23

Երկրի վրա կյանքն այնպիսին է, որ միշտ էլ կգտնվեն մեր դեմ խոսող մարդիկ: Պատճառները կարող են լինել տարբեր` թե՛ արդարացի և թե՛ անարդարացի: Այդ մարդիկ կարող են լինել հարևաններից, շրջապատից, աշխատավայրից, ընտանիքից ու եկեղեցուց: Քո դեմ կխոսի քո հարսը, սկեսուրը, քո մտերիմը, այսինքն` ամեն կողմից կարող են խոսել քո դեմ… Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր դեմ խոսողներին:
Հոգևոր կյանքն իրական կյանք է, և դա երևում է մարդկային հարաբերությունների մեջ: Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ հոգևորության չափանիշը լավ քարոզելու, հիվանդներ բժշկելու, դևեր հանելու, նշաններ ու հրաշքներ գործելու մեջ չէ: Համոզվելու համար բերենք ընդամենը մեկ հատված Սուրբ Գրքից. «Ոչ թէ ամեն ով որ ինծի “Տէ՛ր, Տէ՛ր“ կþըսէ, պիտի մտնէ երկնքի թագաւորութիւնը, հապա անիկա՝ որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ։ Շատերը այն օրը պիտի ըսեն ինծի. “Տէ՛ր, Տէ՛ր, միթէ չմարգարէացա՞նք քու անունովդ, դեւեր չհանեցի՞նք քու անունովդ, եւ շատ հրաշքներ չգործեցի՞նք քու անունովդ“։ Այն ատեն պիտի յայտարարեմ անոնց. “Ես բնա՛ւ չէի ճանչնար ձեզ. հեռացէ՛ք քովէս դո՛ւք՝ որ անօրէնութիւն կը գործէիք» (Մաթ.7:21-23
Ծառը ճանաչում են պտուղներից: Քրիստnնյայի հոգևոր հասունությունը որոշվում է նրանով, թե ինչ վերաբերմունք է ցույց տալիս նա իրեն դեմ խոսողների և իրեն հալածողների նկատմամբ: Տեր Հիսուսը սովորեցնում է մեզ, որ մենք սիրենք մեր թշնամիներին, բարիք անենք մեզ ատողներին, օրհնենք մեզ անիծողներին, աղոթենք մեզ նեղություն տվողների համար։ Եվ ինչպէս կուզենք, որ մարդիկ մեզ անեն, նույնպես էլ մենք անենք նրանց: Ուրեմն, եթե մենք Քրիստոսի հետ հարություն ենք առել, ապա պետք է կարողանանք մեր դեմ խոսողների մասին ասել այն, ինչ Դավիթն ասաց. «Իշխաններ ալ կնստէին եւ ինծի դէմ կը խօսէին, բայց քու ծառադ քու կանոններուդ վրայով կմտածեր»:
Աստված կանչել է մեզ, որ մենք վերստին ծնվենք, լինենք նոր մարդ, ունենանք նոր միտք ու փնտրենք երկնայինը: Հիշենք մեր սիրելի Պետրոս առաքյալի խոսքերը` գրված Ա Պետրոս 3:8-10-ում. «Վերջապէս, ամենդ մեկ մտքի վրա եղէք, կարեկից, եղբայրասէր, ողորմած ու քաղցրաբարո։ Չըլլա, որ չարիքի փոխարէն չարիք հատուցանէք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք. այլ ընդհակառակը՝ օրհնեցէ՛ք, գիտնալով թէ այս բանին համար կանչուեցաք, որպէսզի օրհնութիւն ժառանգէք»: Պետրոս առաքյալը բացատրում է մեզ, որ օրհնություն ստանալու գաղտնիքը միայն աղոթքի մեջ չէ, այլ` չարիքի փոխարէն չարիք չհատուցելու, նախատինքի փոխարեն չնախատելու, ընդհակառակը՝ օրհնելու, այսինքն` մեզ նախատողների, հալածողների և չարիք անողների նկատմամբ հասուն քրիստոնյային վայել վերաբերմունք ունենալու մեջ է:
Հաճախ կոնֆլիկտներ են ծագում ընտանիքի ներսում` ամուսինը կնոջ դեմ, կինը` ամուսնու, հարսը սկեսուրի դեմ, սկեսուրը` հարսի, տղան հոր դեմ, հայրը` տղայի և այլն: Երբ մենք զրուցում ենք նրանց հետ, նրանք մեղադրում են իրար, յուրաքանչյուրը բերում է իրեն արդարացնելու և մյուսին մեղադրելու «փաստարկներ»: Ցավոք, այսօր շատ քիչ են նրանք, ովքեր կարող են մեղադրել ոչ թե իրենց դեմ խոսողներին, այլ ամենից առաջ տեսնել իրենց մեղքը, կարող են խաղաղություն փնտրել ու նրա ետևից գնալ: «Երանի՜ խաղաղություն անողներին, վասնզի անոնք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մաթ. 5:9): Եթե մեր դեմ խոսել են կամ մեզ նախատել, ի՞նչ է, մե՞նք էլ այդպես վարվենք: Սա կլինի ինքը` քեզ, դու` իրեն. այդ դեպքում դիմացինից ոչնչով չես տարբերվի: Սա աշխարհի օրենքն է: Նույն վերաբերմունքը ցույց տալով` քրիստոնյան մեղավորից ոչնչով չի տարբերվում: Մենք չպետք է վատի փոխարեն վատ անենք, այդ աշխարհում է այդպես, իսկ հոգևոր կյանքում այդպես չէ: Եթե մենք չարության փոխարեն նույնպես չարություն ենք անում, ապա պարտվում ենք չարից: Սուրբ Գիրքն ասում է. «Չարէն մի՛ յաղթուիր, հապա բարիով յաղթէ չարին» (Հռոմ.12:21):
Եթե դու ուզում ես, որ քո հարսը փոխվի և լավ վերաբերվի քեզ, ապա առաջինը դու պետք է փոխվես և լավ վերաբերվես քո հարսին, կամ` եթե ուզում ես, որ քո սկեսուրը կամ ամուսինը փոխվեն, ապա առաջինը դու պետք է փոխվես և լավ վերաբերվես նրանց,  ինչպես վայել է Աստծո սուրբերին: Իսկ եթե դու չես փոխվում, ապա մի՛ պահանջիր նրանցից, պահանջիր քեզնի՛ց, քանի որ ինչ ցանես, այն պետք է հնձես: Օրհնությունը ստանում են ոչ թե խնդրելով, այլ Աստծո Խոսքը պահելով: Այսինքն` մեր նկատմամբ ամեն մի վատ վերաբերմունքի դեպքում, լինի դա արդարացի թե անարդարացի, մենք պետք է մտածենք Աստծո Խոսքը պահելու մասին և ասենք այնպես, ինչպես ասում է Սողոմոնը` «Մի՛ ըսեր. «Ինք ինչպէս որ ըրաւ ինծի, ես ալ այնպէս պիտի ընեմ իրեն. Այդ մարդուն պիտի հատուցանեմ իր արարքներուն համեմատ» (Առակաց 24:29
Երբ Ստեփանոսին քարկոծում էին, ի՞նչ էր նա ասում և ինչի՞ մասին էր մտածում` ինչպե՞ս հատուցի իրեն քարկոծողներին: Օ՜, ո՛չ, նա ասում էր. «Հա՛յր, ների՛ր սրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»:
Հաճախ մենք Աստծուց խնդրում ենք, որ խոնարհեցնի մեր դեմ խոսողին կամ մեզ նախատողին` մոռանալով, որ Աստված նախ ուզում է մեր խոնարհվելն ու Իր ճանապարհների մեջ քայլելը: Այդ դեպքում է Աստված մեր թշնամիներին խոնարհեցնում մեր առջև:
Սաղմոս 81:13-14 խոսքերում կարդում ենք. «Երանի՜ թէ իմ ժողովուրդս ինծի մտիկ ընէր, եւ Իսրայէլ իմ ճամբաներուս մէջ ընթանար։ Շուտով պիտի խոնարհեցնեի անոնց թշնամիները, ու ձեռքս պիտի դարձնէի անոնց նեղիչներուն վրա»: Սա ճշմարտությունն է, և մենք պետք է լավ իմանանք այս ճշմարտությունը, ու ճշմարտությունը մեզ կազատի (Հովհ. 8:31):
Տարիներ շարունակ կարող եք աղոթել, բայց` ապարդյուն, որովհետև չգիտեք ճշմարտությունը: Մի քույրիկի ամուսինը հարբեցող էր: Նրանց տունը կարծես դժոխքի էր վերածվել: Մայր ու աղջիկ որոշում են հոր համար աղոթել: Աղոթում են հինգ տարի. «Տե՛ր Աստված, փոխի՛ր նրան», բայց` ապարդյուն: Պատկերացնո՞ւմ եք, հինգ տարի աղոթել ու չհասնել արդյունքի: Պատճառն այն է, որ նրանք չգիտեին ճշմարտությունը: Կինն աղոթում էր, որ ամուսինը փոխվի, բայց չէր աղոթում, որ ի՛նքը փոխվի, հասկանա ճշմարտությունը և միշտ գոհանա Աստծուց: «Ամեն ժամանակ Տերը պիտի գովեմ» (Սաղմոս 34:1): Մի օր եղբայրներից մեկը այդ քույրիկին պատմում է, թե Աստված ինչ հրաշք է արել, երբ ինքը սրտանց գոհացել է Աստծուց: Այդ եղբայրը քույրիկին խորհուրդ է տալիս, որ եթե ուզում է ամուսինը փոխվի, ապա առաջինը ինքը պետք է փոխվի: Քույրիկը, լսելով եղբոր պատմածը, սրտի խորքում հավանություն է տալիս: Այդ օրը նա դստեր հետ ծնկի է գալիս և աղոթում. «Շնորհակալ եմ Քեզնից, ո՛վ Աստված, որ այսպիսի ամուսին ես տվել ինձ», իսկ աղջիկն աղոթում է. «Շնորհակալ եմ Քեզնից, ո՛վ Տեր, որ այսպիսի հայր ես տվել ինձ»: Այս աղոթքը նրանք անում էին` հասկանալով, որ Աստված իրենց համար ցավ է քաշում, իրենց համար արյուն է թափել, և եթե Տերն այսքան աղոթքներից հետո չի փոխում ամուսնուն ու այդպես է կամենում, ուրեմն դա է բարին: Այդ աղոթքից հետո հրաշք է կատարվում: Ամուսինը պատմում է, որ փողոցում քայլելիս հանկարծ մի ձեռք իջնում է իր ուսին, և այդ ժամանակ նրա մեջ աղոթելու մեծ պահանջ է առաջանում: Նա գնում է մի անկյուն ու սկսում է աղոթել, երկար աղոթելուց հետո մկրտվում է Սուրբ Հոգով: Երբ վերադառնում է տուն, կինը, տեսնելով, որ ամուսինը փոխվել է, շատ է զարմանում ու հարցնում է. «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է դեմքդ այդպես փայլում»: Ամուսինը պատմում է եղելությունը, և այդ օրվանից ընտանիքի դժոխային վիճակը վերածվում է դրախտի, որովհետև Հիսուսն այցելել էր այդ ընտանիքին: Նրանք միասին փառք են տալիս Աստծուն:
Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է նեղության մեջ գոհանալ: Երկինքն ու երկիրը արարողն Աստված է, և Նրա աչքի առջև է ողջ մարդկությունը: Նա ճանաչում է և՛ քեզ, և՛ քեզ հալածողին: Եթե դու Աստծո զավակ ես, և եթե Աստված չի փոխում այն դժվարությունը, այսինքն` այն «նեղության բորբոքը, որ քեզ փորձելու համար կըլլա» (Ա Պետրոս 4:12), նշանակում է` Տերն
այդպես է հարմար գտնում, և դա է քեզ համար բարին:
Հնարավոր է, որ Աստված չբացատրի մեզ Իր քայլերը, որովհետև «ծածուկ բաները Աստծուն են վերաբերում» (Բ Օրինաց 29:29), ինչպես օրինակ` Տեր Հիսուսը Պետրոսին ասաց. «Ինչ որ ես կþընեմ՝ դուն հիմա չես իմանա, հապա ետքը պիտի իմանաս» (Հովհ. 13:7): Մենք պետք է հավատանք, որ Աստծո զավակի համար ամեն բան բարու գործակից է:
Այն ժամանակ, երբ Դավիթը վախենում էր, որ Սավուղը մի օր իրեն կսպանի, նա Սավուղից ազատվելու համար թողեց հայրենի երկիրը և գնաց փղշտացիների մոտ: Բայց այդ վիճակի մեջ էլ Դավիթը գոհանում ու փառք է տալիս Աստծուն և ասում. «Ամէն ժամանակ Տէրը պիտի գովեմ, Անոր գովութիւնը միշտ իմ բերանս պիտի ըլլայ» (Սաղմոս 34:1,8):
Երբ մեր սրտերի ճանապարհները Տիրոջը հաճելի լինեն, ինչպես ասվում է Առակաց 16:7-ում, Տերը
մինչև անգամ մեր թշնամիներին կհաշտեցնի մեզ հետ, և հարսը կհաշտվի սկեսուրի, կինը` անուսնու, հայրը` որդու հետ:

Սիրելի՛ ընթերցող, եթե դու հիմա անհաշտ ես քեզ դեմ խոսողների հետ, մի՛ մնա այդ վիճակում և մի՛ մեղադրիր նրանց, քանզի դա կմաշեցնի քո ոսկորները: Աղոթի՛ր, որպեսզի լցվես Սուրբ Հոգով, ու մտածիր ոչ թե հատուցելու, այլ` ներելու և չարության փոխարեն բարիք անելու մասին: Այդպես անելով դու կկատարես Աստծո կամքն ու կհաղթես սատանային: Խնդրի՛ր Տիրոջը, և Տերը կօգնի քեզ:
«Արդարը շատ նեղություններ պիտի ունենա, բայց Տերը նրան բոլոր նեղություններից պիտի ազատի» (Սաղմոս 34:19):

                                                                                                                                   Հրահատ Ամիրբեկյան
                                                                                                                                                      ավագ հովիվ

 

                                                                                                                                     Փետրվար, 2010թ., N 2(8)