Ծնողներ եւ զավակներ

«Կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը, որպեսզի իր ծերության ատենն ալ անկէ չխոտորի» 

 Առակաց 22:6

«Կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը, որպեսզի իր «Կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը, որպեսզի իրՄոտավորապես մեկ դար առաջ, գիշերային լուռ ու խավար մի ժամի, Սև անտառ կոչված վայրում տեղի էր ունենում մի զարմանալի աճուրդ: Մի խումբ զինված ավազակներ նստած էին խարույկի շուրջը: Աճուրդի էին հանված նախորդ երեկոյան կողոպտված կառքի ապրանքները: Ավազակները դրանք իրար էին վաճառում: Ահա, ապրանքների մեջ Նոր Կտակարան գտնվեց: Աճուրդի մունետիկը նոր գտած գիրքը ցույց տվեց իր ընկերներին և Աստծո մասին անարգալից արտահայտություններ արեց: Խոսքը ծաղրելու համար նստած ավազակները աճուրդի մունետիկին խնդրեցին այդ գրքից մի գլուխ կարդալ` իբր թե իրենց կրոնական և բարոյական շինության համար: Կանգնած ավազակը, Սուրբ Գիրքը բացելով, սկսեց ծաղրական ձայնով մի գլուխ կարդալ: Նրանց մեջ նստած էր մոտ հիսունհինգ տարեկան մի մարդ, ով ոճրագործության ու շվայտության մեջ միշտ առաջինն էր, սակայն այդ պահին նա, մտքերի մեջ խորասուզված, առանձնացել էր: Մունետիկի կարդացածը ճիշտ այն գլուխն էր, որն իր հայրը երեսուն տարի առաջ կարդացել էր իրենց առավոտյան ընտանեկան պաշտամունքի ժամանակ, այն օրը, երբ ինքը ոստիկանության ձեռքից ազատվելու համար պետք է հեռանար հայրական տնից` այլևս ետ չվերադառնալու պայմանով: Երբ այս բառերը հասան նրա ականջներին, նա հիշեց իր երջանիկ ընտանիքը, հիշեց իր պատկառելի, ծերունի հորը, ով Սուրբ Գրքից կարդում էր այդ գլուխը, որից հետո պետք է պատրաստվեին աղոթքի: Հիշեց արդարությամբ Աստծո Խոսքը լսող իր գորովագութ մորը, քույրերին, եղբայրներին և իրեն` նրանց հետ մեկտեղ: Հիշեց, թե նրանք ինչպես էին Նոր տարվա նախաշեմին պատրաստվում աղոթքով խնդրել Աստծո օրհնությունը, պահպանությունը և առաջնորդությունը:
Հայրական տունը լքելուց հետո նա ոչ մի անգամ Սուրբ Գիրք չէր կարդացել և չէր աղոթել: Սակայն այդ պահին նա այնպիսի զգացողություն էր ապրում, կարծես իր հոգին արթնացել էր երեսնամյա խոր քնից, կարծես խիստ երկար ձմռան ձյուներն ու սառույցները սկսեցին հալչել Սուրբ Գրքի ծանոթ խոսքերի հնչյունների տակ: Մանկությունից սկսած` բարի հոր բոլոր խրատները և բարեպաշտ մոր սովորեցրած դասերն ու աղոթքները, կարծես թռչելով, վերադարձան իր հիշողության մեջ: Հանկարծ նա արթնացավ իր խոհերից` ուսի վրա զգալով ավազակներից մեկի ձեռքի հպումը: Ավազակն ասաց.
– Մեզնից ավելի շատ դու այս Գրքի կարիքն ունես, որովհետև երկնքի տակ բնակվող բոլոր մարդկանց մեջ
ամենամեղավորը, անշուշտ, դու ես:
Այս կոպիտ կատակի ճշմարտությունը գիտակցելով և մինչև սրտի խորքը խոցվելով` նա ասաց.
– Այո, դա այդպես է: Գիրքն ինձ տվեք, ես կվճարեմ դրա ամբողջ գինը:
Առավոտյան բոլոր ավազակները գնացին մոտակա գյուղերը` վաճառելու կողոպտված ապրանքները: Իսկ
Սուրբ Գիրքը գնած ավազակը փնտրեց ու գտավ ամայի մի տեղ և ամբողջ օրն ու գիշերը այնտեղ անցկացրեց` անթիվ մեղքերի համար ողբալով ու աղոթելով, որ Աստված ներում շնորհի իրեն: Գթած ու ողորմած Աստված երկնքից տեսավ այս մեծ մեղավորի ապաշխարությունն ու ողբը և անմիջապես երկնային խաղաղությամբ լցրեց նրա սիրտը:
Հաջորդ օրը նա տեղեկացավ, որ իր բոլոր ավազակ ընկերները ձերբակալվել են ու բանտ տարվել: Նա գնաց գյուղի եկեղեցու հովվի մոտ, պատմեց իր կյանքի պատմությունը, իր հետ պատահածն ու խնդրեց, որ իրեն կառավարության ձեռքը հանձնեն: Նրա ապաշխարության անկեղծությունը կյանքի փրկության պատճառ դարձավ, քանի որ նրա բոլոր ավազակ ընկերները մահվան դատապարտվեցին, իսկ նրան ներում շնորհվեց Մեծ դքսի կողմից: Դուքսը տեղյակ էր նրա կյանքի պատմությանն ու ապաշխարությանը:
Մի քանի տարվա բանտարկությունից հետո նախկին ավազակն ազատ արձակվեց իր օրինակելի վարքի համար: Քրիստոնյա ազնվականի մոտ աշխատանքի անցնելով` նա հավատարմաբար կատարեց իր գործն ու օրհնություն եղավ նաև իր տիրոջ համար: Նա ապրեց խաղաղությունով մինչև իր մահվան օրն ու մահացավ երկնային լույսով` փառավորելով Հիսուս Քրիստոսին, Ով աշխարհ էր եկել մեղավորներին փրկելու համար:
Ո՛վ հայրեր, ո՛վ մայրեր, մի՛ մոռացեք կրթել ձեր զավակներին: Ցանեցե՛ք նրանց մեջ Աստծո Խոսքի, հավատքով եղած աղոթքի և ճշմարիտ աստվածապաշտության սերմերը, քանի դեռ փոքր են: Ջա՛նք արեք նրանց Քրիստոսին բերելու: Այդ սերմերը կարող են ծլարձակել շատ տարիներ հետո, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք արդեն այս երկրի վրա չեք լինի:

Սեպտեմբեր, 2009թ., N 4 ( 4 )