Հռովմայեցիս 14:15

Սիրելի՛ ընթերցողներ, մեր օրերում չափազանց շատ ենայն դեպքերը, երբ մարդիկ ոչ միայն կերակուրի, այլև հագուստի, հողի, անձնական դիրքի, շահի ու փառքի, նյութական ու շատ այլ պատճառներով են տրտմեցնում միմյանց: Երանի թե ավելի բացվեն մեր աչքերը և լուսավորվի մեր միտքը` հասկանալու Աստծո գերագույն սերը մեր նկատմամբ, որից ելնելով էլ Նա Իր Միածին Որդուն զոհեց մեզ համար: Քրիստոսը, թողնելով երկնային փառքը, եկավ այս մեղսալից աշխարհ և մեզ նման մեղավորների համար տանջվեց խաչի վրա, որպեսզի փրկի մեզ կորստից ու արժանացնի Երկնային թագավորությանը:
Անառակ որդու առակում մեծ եղբայրը, ապրելով հոր տանը,չէր ուրախանում այդ տան ուրախությամբ, նրա ուրախությունը կապված էր իր բարեկամների հետ: Ղուկաս15:29-30 խոսքերում ասվում է. «Ահա այսչափ տարի է, որ կը ծառայեմ քեզի, ու բնա՛ւ քու խոսքէդ դուրս չեկայ. ու երբե՛ք ուլ մը չտուիր ինծի, որ ուրախանայի իմ բարեկամներուս հետ։ Բայց երբ եկավ այդ քո որդիդ, որ քո ստացուածքդ անառակներու հետ կերավ, անոր մորթեցիր պարարտ զուարակը»: Հայրը պատասխանեց նրան. «… քու այս եղբայրդ մեռած էր ու ողջնցավ, կորսուած էր ու գտնուեցավ»: Բայց մեծ որդուն չէր ուրախացնում այն, որ եղբայրը գտնվեց, նա շատ վշտացած ասում էր` քո տված բոլոր ստացվածքն անառակների հետ վատնեց, իսկ դու նրան ընդունեցիր, պարարտ զվարակը մորթեցիր և խնջույք արեցիր: Նա շատ էր բարկացել և չէր ուզում տուն մտնել:

Հիշում եմ մի իրական դեպք, որի ականատեսն եմ եղել: Տարիներ առաջ մի տարեց հավատացյալ կին իր որդու հետ ապրում էր երկու սենյականոց բնակարանում, ամուսին չուներ, իսկ աղջիկներն ամուսանացած էին և ունեին իրենց ընտանիքները: Տղայի ամուսնանալուց հետո հարսի ու սկեսուրի միջև վեճեր ու կռիվներ սկսվեցին: Այդ կռիվներն այնքան շարունակվեցին, որ տղան ու հարսը, վերցնելով իրենց փոքրիկ երեխաներին, գնացին վարձով ապրելու: Բայց սկեսուրը նրանց այնտեղ էլ հանգիստ չէր թողնում, թշնամություն էր սերմանում ամուսինների միջև: Վերջապես սկեսուրը հասավ իր նպատակին` հարսն ու տղան դատարանով ամուսնալուծվեցին: Այդ մասին իմանալով` ես գնացի այդ կնոջ տուն, որտեղ բազմիցս եղել էի հաշտության ու խաղաղության համար: Շատ զարմանք ապրեցի` տունը դատարկ տեսնելով. կահույքը, գորգերը, սպասքեղենը չկային: Թե ո՞ւր էր տեղափոխել` Աստված գիտե: Նա այդ արել էր, որ տղայի ու հարսի ամուսնալուծվելուց հետո հարսին ոչինչ չհասներ: Ամուսնալուծությունից մի քանի օր անց այդ կնոջը առողջական խնդիրների պատճառով տարան հիվանդանոց, որտեղ էլ մահացավ` ատելության ու չարախոսության մեջ լինելով: Ո՞ւր գնաց նա` չգիտենք, բայց գիտենք, որ Պողոս առաքյալն ասում է. «…Առանց խաղաղության և սիրո սրբության ոչ մեկը Տիրոջը չի տեսնի»: Որևէ մեկն իր հետ ո՛չ ինչ-որ բան է բերել այս աշխարհ, ո՛չ էլ տանելու է:

Դրան հակառակ` պատմեմ մի իրական դեպք ևս, որի մասին կարդացել եմ: Ամերիկայի մի քաղաքի ժողովարանում ժողովի ժամանակ ներս է մտնում մի հարբած տղամարդ` իրեն շատ վատ պահելով: Տեղի հովիվը, մոտենալով նրան, համեստությամբ ուզում է համոզել, որ չխանգարի ժողովը, բայց այդ հարբած մարդը հարվածում է հովվին: Աղմուկը լսելով` ոստիկանները ներս են մտնում և ձերբակալում հարբածին: Հովիվը գնում է դատարան ու հարցնում, թե որքան պետք է վճարի այդ մարդը իր կատարած չարության համար: Ասում են գումարի չափը, հովիվն ինքն է վճարում այդ գումարը, և հարբեցողին ազատ են արձակում` ասելով, որ նա, ում ինքը հարվածել է, վճարել է իր փոխարեն: Հարբեցողը դարձի է գալիս ու դառնում անկեղծ քրիստոնյա: Այդ հովիվը կատարեց Տեր Հիսուսի խոսքը` չարին բարիով հաղթելով:

Այսօր մեր օրերում ինչքա՜ն լավ, մաքուր, անկեղծ հավատացյալներ կան, ովքեր, անիրավության պատճառով զրկվելով շատ բաներից, ներում ու աղոթում են իրենց չարություն անողների և զրկողների համար` կատարելով Ավետարանի խոսքը:
Սիրելինե՛ր, դիմում ենք ձեզ. եթե դուք ձեր բանվորին զրկել եք վարձից, շտապե՛ք վերադարձնել, եթե կոպիտ եք վարվել` տրտմեցնելով ձեր եղբորը, հարսին կամ սկեսուրին, շտապե՛ք հաշտվել, կատարե՛ք Ավետարանի խոսքը, եթե ուզում եք, որ ձեզ համար լավ լինի: Մաթ. 5:22-25 խոսքերում ասվում է. «…Ո՛վ որ զուր տեղը բարկանայ իր եղբօր դէմ՝ արժանի պիտի ըլլայ դատաստանի։ Ո՛վ որ «ապուշ» ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ ատեանի դատապարտութեան։ Ո՛վ որ «յիմար» ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ գեհենի կրակին։ Ուրեմն եթէ քու ընծադ զոհասեղանին վրայ բերես, ու հոն յիշես թէ եղբայրդ բան մը ունի քեզի դէմ, հո՛ն ձգէ ընծադ՝ զոհասեղանին առջեւ. նախ գնա՝ հաշտուէ՛ եղբօրդ հետ, եւ այն ատեն եկուր, որ մատուցանես ընծադ»։ Իսկ Հուդա առաքյալն ասում է. «Վա՜յ նրանց, որոնք Կայենի ճամփով գնացին, նաև Բաղաամի մոլորության պես ցանկությամբ վարձքի ետևից գնացին ու Կորխի հակառակությանը պես կորսվեցին» (Հուդա 1:11): Նրանք ջուր չունեցող ամպեր են, անպտուղ ծառեր, ծովի կատաղած ալիքներ, մոլորական աստղեր, նրանց բերանից ամբարտավան խոսքեր են դուրս գալիս, և շահի համար երեսպաշտություն են անում:
Սիրելի՛ ընթերցողներ, կա՞ մեկը, որ իր սիրտը խստացրել է Ավետարանի խոսքի առջև և հաջողություն ու խաղաղություն է գտել: Ո՛չ, դարձյալ` ո՛չ:
Այս բոլոր խոսքերը կարդալուց հետո մի պահ նայենք`մեր առօրյա կյանքի օրերը, ժամերն ինչպե՞ս ենք անցկացնում մեր ընտանիքներում, եկեղեցում և շրջապատում: Չմոռանանք, որ բոլորս էլ պիտի կանգնենք Աստծո առջև ու հաշիվ տանք Նրան: Ա Պետրոս 4:17 խոսքում ասվում է. «Քանզի ժամանակն է, որ դատաստանը Աստուծոյ տունեն սկսի և եթե առաջ մեզմե կը սկսի, հապա անոնց վերջը ի՞նչ պիտի ըլլայ, որոնք Աստուծոյ Ավետարանին չեն հնազանդիր»:

Աստծո և Հիսուս Քրիստոսի ծառա`
Մամիկոն Ղազարյան




Բարի Լուր  N 1(7), Հունվար, 2010թ.