Իմ որթատունկի առաջին պտուղները

Մի ընտանիքում այսպիսի սովորություն կար. երբ  երեխաները որոշակի տարիքի էին հասնում, հայրը նրանց խաղողի որթ էր նվիրում։ Արդեն եկել էր փոքր աղջկա հերթը։ Քրիստինեի համար դա մեծ տոն էր։ Երբ որթատունկը տվեց առաջին պտուղները, աղջիկն ուրախությունից փայլում էր։ Ավելի մեծ էր ուրախությունը, երբ հասունացան առաջին ողկույզները։ Նրա եղբայրը ծիծաղելով ասաց.
– Դե՛, հիմա մենք կարող ենք իսկապես նշել բերքի տոնն ու մի լավ խաղող ուտել,- և չպչպացրեց շրթունքները։
– Օ՜, ո՛չ,- ասաց Քրիստինեն,- այսօր հայրիկն Աստվածաշնչում կարդաց, որ մեր բերքի առաջին պտուղներն Աստծուն են պատկանում։
Եղբայրը զարմացած նայեց նրան.
– Դու ինչպե՞ս ես ուզում Աստծուն խաղող նվիրել։ Աստված երկնքում է ապրում, ո՞վ կբարձրացնի քո խաղողը Նրա մոտ,- հարցրեց նա։
– Գիտե՞ս, Քրիստոսը մի անգամ ասաց. «Ինչ որ դուք անում եք այս փոքրերից մեկնումեկին, Ինձ եք անում»։ Աստված գիտի, թե ինչպես կարելի է բարձրացնել այն, ինչը մենք Իրեն ենք նվիրում։
Երբ մի քանի օր անց ընտանիքը աշխատում էր այգում, ճանապարհին մի աղքատ մարդ հայտնվեց։ Նա մոտեցավ ցանկապատին, հարգանքով բարևեց և երկչոտությամբ հարցրեց.
– Դուք ինձ մի քիչ հասած խաղող չե՞ք տա։ Դստրիկս ծանր հիվանդ է և պառկած է տանը։ Բժիշկն ասել է, որ ապաքինվելու համար նա անպայման պետք է թարմ խաղող ուտի։ Բայց ես հիմա աշխատանք չունեմ և չեմ կարող խաղող գնել։
– Ուրախությա՛մբ,- բացականչեց Քրիստինեն։ – Ձեզ Աստված է ուղարկել ինձ մոտ։ Ես ձեզ կտամ իմ որթատունկի առաջին պտուղները։ Ես դրանք Աստծուց եմ ստացել և կտամ ձեզ։
Նա զամբյուղը լցրեց հասուն ողկույզներով ու տվեց աղքատին։ Ավելի ուշ Քրիստինեն այցելեց հիվանդ աղջկան, նրա համար մրգեր ու խաղալիքներ տարավ։ Աղջիկը բարձր ջերմություն ուներ, բայց ուրախ ժպիտը շարժեց նրա ճաքճքած շրթունքները։ Ձեռքը քնքշորեն դնելով Քրիստինեի ձեռքերին՝ նա շշնջաց.
– Երկնքում ես կսիրեմ քեզ ամբողջ սրտով։
Սակայն շուտով աղջիկն ապաքինվեց, նրանք երկուսն էլ Աստծո հավատարիմ զավակներ դարձան և ամբողջ կյանքում մնացին հավատարիմ ընկերուհիներ։
Իսկ հիմա աղոթենք։ Խնդրե՛նք Տիրոջից, որ մեզ սովորեցնի Իր Խոսքի նկատմամբ ուշադիր ու հնազանդ լինել, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ Նա պատվիրել է մեզ։

                                                                                                      

                                                                                                          Բարի լուր /Հունվար, 2010թ., N 1 (7)