Տե՛ր, այս մեղքը մի սեպեր անոնց

«Ստեփանոս, որ հավատքով ու զօրութիւնով լեցուած մարդ մըն էր, մեծ հրաշքներ կþըներ ժողովուրդին մէջ»: 
Գործք առաքելոց 6:8

Ստեփանոսն այն մարդն էր, որ լցված էր հավատքով և աստվածային զորությունով ու ծառայում էր իր ժողովրդին: Աստծո Խոսքն ասում է, որ նրա միջոցով մեծ հրաշքներ ու նշաններ էին լինում. մեկի աչքերն էին տեսնում, մյուսի լսողութունն էր բացվում, մեկ ուրիշն էլ մարմնի բժշկություն էր ստանում: Ստեփանոսի ծառայությունը մեծ օրհնություն էր բերում մարդկանց:
Աստծո Խոսքից մենք չենք կարող իմանալ` Ստեփանոսն ամուսնացա՞ծ էր, ընտանիք, երեխաներ ունե՞ր, թե՞ ոչ: Բայց եթե նա ամունացած էր և ուներ երեխաներ, այդ դեպքում, ծառայելով այլ մարդկանց, նրա ընտանիքը մնում էր իր ուշադրությունից դուրս: Իսկ եթե նա ամուսնացած չէր, հավանաբար, նրա հայրն ու մայրն էին մնում ուշադրությունից դուրս: Դուք ձեր հովիվներից ու եպիսկոպոսներից կարող եք հետաքրքրվել ու պարզել, որ երբ նրանք ծառայում են այլ մարդկանց, ապա, որպես կանոն, նրանց ընտանիքն ու հարազատները նույնպես մնում են հեռվում, ուշադրությունից դուրս:
Իսկ հիմա ասացե՛ք, եթե դուք ծառայեիք մարդկանց, փոխադարձաբար ի՞նչ կակնկալեիք այն մարդկանցից, որոնց համար դուք չարչարվում եք, նեղություն կրում, զոհաբերում ձեր ժամանակը: Կարծում եմ` կուզեիք, որ նրանք ընդամենը հասարակ մի շնորհակալություն հայտնեին Տերոջը և ձեզ:
Ստեփանոսը ծառայում էր մարդկանց, և նրա ծառայությունը օրհնություն էր այդ մարդկանց համար, հրաշքներ ու նշաններ էին լինում: Բայց ի՞նչ եղավ վերջում: Նրան բռնեցին ու բերեցին ատյանի առջև: Սինոդը դատարանի պես մի բան է, կրոնական ատյան: Եվ Ստեփանոսին այդ ատյանում սկսեցին դատել: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք` Ստեփանոսին հրավիրեցին ատյանի առջև ոչ թե պարգևատրելու, ոչ թե պատվոգիր տալու, այլ դատելու համար:
Նայենք Գործք առաքելոց 7:54 խոսքը. «Այս բաները լսելով՝ անոնք կը մոլեգնէին իրենց սիրտերուն մէջ եւ կը կրճտէին իրենց ակռաները անոր դէմ։ Բայց ան, լեցուած Սուրբ Հոգիով՝ ակնապիշ նայեցաւ դէպի երկինք, տեսաւ Աստուծոյ փառքը ու Յիսուսն ալ՝ որ Աստուծոյ աջ կողմը կայնած էր, եւ ըսաւ. «Ահա կը տեսնեմ երկինքը բացուած, ու մարդու Որդին՝ Աստուծոյ աջ կողմը կայնած»։ Իսկ անոնք բարձրաձայն աղաղակելով՝ գոցեցին իրենց ականջները, եւ բոլորը միաբանութեամբ խուժեցին անոր վրայ, ու քաղաքէն դուրս հանելով՝ քարկոծեցին զայն. եւ վկաները իրենց հանդերձները պահ դրին երիտասարդի մը ոտքերուն քով, որ կը կոչուէր Սօղոս։ Ու կը քարկոծէին Ստեփանոսը, որ կը գոչէր. «Տէ՛ր Յիսուս, ընդունէ՛ իմ հոգիս»։ Եւ ծնրադրելով՝ բարձրաձայն աղաղակեց. «Տէ՛ր, այս մեղքը մի՛ սեպեր ատոնց»։ Ասիկա ըսելով՝ ննջեց։ Սօղոս ալ
կամակից էր անոր սպաննուելուն»
։
Եվ ահա, Ստեփանոսն ատյանի առջև էր, մարդիկ սպառնում էին նրան, կրճտացնելով իրենց ատամները, և պատրաստ էին քարկոծելու: Ծայրահեղ անցանկալի տեսարան…
Գործք առաքելոց 7:55-ում կարդում ենք. «Բայց անիկա Սուրբ Հոգիով լեցուած` երկինք նայեցավ և տեսավ Աստուծոյ փառքը ու Հիսուսն ալ, որ Աստուծոյ աջ կողմը նստել էր»: Շատ հետաքրքիր արտահայտություն է` անիկա Սուրբ Հոգիով լեցուած: Իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք Սուրբ Հոգով լցվել: Ես կարծում եմ, որ շատ-շատերը կփորձեն հիշել ու կասեն, որ դա եղել է աղոթքաժողովի կամ հերթական պաշտամունքի ժամանակ: Հետաքրքիր է, որ նա լցված էր Սուրբ Հոգով այն ժամանակ, երբ շրջապատված էր բարկացած և ատամները կրճտացնող ամբոխով: Սուրբ Գիրքն ասում է, որ նա այդ ժամանակ նայեց երկինք և տեսավ Աստծո փառքը:
Այստեղ մենք պետք է խորհենք վիրավորվածության մասին: Ես կարծում եմ, որ եթե մենք լինեինք
Ստեփանոսի փոխարեն, և եթե մեզ կանչեին ատյանի առաջ ու դատեին այն բանի համար, որ ծառայել ենք մարդկանց, հավանաբար մենք կակնկալեինք, որ այնտեղ գտնվողներից գոնե մեկը մեր հասցեին մի պաշտպանողական խոսք ասեր: Ամբողջ ատյանում Ստեփանոսին մեղադրում էին, Ստեփանոսը կարող էր աջ ու ձախ նայել և իր սրտոււմ ասել. «Մարդի՛կ, ո՞ւր եք դուք, ո՞ւր են նրանք, ում համար ես աղոթել եմ, ո՞ւր են նրանք, ովքեր բուժվել են իմ աղոթքի միջոցով, ո՞ւր են նրանք, որոնց ես այցելել եմ»: Ես չեմ բացառում, որ հակառակորդը կարող էր Ստեփանոսին շշուկով ասել. «Ստեփանո՛ս, երբ դու մարդկանց պետք էիր, մարդիկ քեզ կգտնեին երկրի որ ծայրում էլ լինեիր, բայց այսօր, երբ դու ես նրանց կարիքը զգում, ոչ ոք քո մասին չի մտածում»: Եվ նա, խորհելով, կարող էր վիրավորվել ու տրտմել բոլոր այն մարդկանցից, ում ծառայել էր:
Գիտե՞ք, սիրելինե՛րս, երբ վիրավորվածությունը գալիս է, նա միշտ հարգելի պատճառներ է բերում, թե ինչու կարող է բույն դնել սրտի մեջ: Բայց մարդը պետք է հասկանա, որ իր սրտի մեջ միևնույն ժամանակ չեն կարող լինել վիրավորվածոթյունն ու Սուրբ Հոգու ներկայությունը: Ուղղակի մարդը պետք է ընտրություն կատարի. կամ բաց անի իր սիրտը վիրավորվածության առջև` մոռանալով Սուրբ Հոգու ներկայության մասին, կամ պետք է քաջություն ունենա և ասի. «Վիրավորվածությո՛ւն, քեզ համար տեղ չկա իմ սրտում, իմ սիրտը ոչ թե բարկության ու վիրավորվածության, այլ Սուրբ Հոգու ներկայության համար է»: Ստեփանոսը ճիշտ ընտրություն կատարեց: Ինչո՞ւ եմ ես այդպես մտածում: Որովհետև Գործք առաքելոց 7:55-ում կարդում ենք Ստեփանոսի խոսքերը. «…Ահա կը տեսնեմ երկինքը բացուած և Որդին մարդոյ Աստուծոյ աջ կողմը կայնած»: Հետաքրքիր է, որ նա լցված էր Սուրբ Հոգով, առաջինը տեսնում էր Աստծո փառքը, և երկրորդը` տեսնում էր երկինքը բացված: Իմաստը սա է, թե ինչի՞ առաջ կբացենք մեր սիրտը: Եթե մեր սիրտը բացենք վիրավորվածության առջև` չենք լցվի Սուրբ Հոգով, չենք տեսնի Աստծո փառքը և չենք տեսնի բացված երկինքը: Եթե փակենք մեր սիրտը վիրավորվածության, նեղվածության առջև, այդ ժամանակ կլցվենք Սուրբ Հոգով, կտեսնենք բացված երկինքը, և
մեր կյանքում կերևա Աստծո փառքը:
Դուք երբևէ տեսե՞լ եք վիրավորված մարդկանց: Ես տեսել եմ: Երբ ծառայում էի բանակում, մի անգամ հայտնվեցի իմ զինակցի կողքին: Նրա ձեռքում ծոցատետր կար, և երբ նա թերթում էր էջերը, հանկարծ կանգ առավ մի էջի վրա, որտեղ հասցե էր գրված, իսկ ներքևում` մի մարդու անուն, ազգանուն: Ես հարցրեցի նրան. «Դա քո ընկե՞րն է:» Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, և նա ատամների արանքից հազիվ ասաց. «Ո՛չ, դա ծառայողական դպրոցի սերժանտն է»: Ի՞նչ էր տեղի ունեցել: Երբ նա ծառայել էր բանակում, մի սերժանտ նրան շատ էր ծաղրել, ստորացրել ու ծեծել: Իսկ ի՞նչ էր արել այս մարդը: Նա ուղղակի գտել էր սերժանտի հասցեն և արդեն մեկուկես տարի ծառայում էր` անընդհատ մտածելով, որ ծառայությունն ավարտելուց հետո անպայման վրեժխնդիր պիտի լինի սերժանտից, գնա նրանց տուն և մի վնաս պատճառի: Վիրավորվածությունը մարդուն միշտ մղում է վրեժխնդրության: Բայց եթե մարդու սիրտն ազատ է վիրավորվածությունից, նա վրեժխնդիր չի լինում, այլ օրհնում է: Ստեփանոսի կյանքը դրա ապացույցն է: Եթե նա բարկանար մարդկանց վրա, երբեք չէր ասի. «Տե՛ր, այս մեղքը մի սեպեր ատոնց»: Այսպես կարող է աղոթել միայն նա, ով լցված է Սուրբ Հոգով:
Ես հանդիպել եմ մի կնոջ, որը հիվանդ էր ու միշտ պառկած էր լինում, իսկ նրա որդին շատ էր ալկոհոլ օտագործում: Այդ որդին խնամում էր մորը: Մայրը չէր կարող վեր կենալ, իսկ հարբեցող որդին խնամում էր նրան: Երբ ես մտա նրանց տուն ու խոսեցի այդ կնոջ հետ, որդին տանը չէր: Կինը դառնորեն լացեց և ասաց. «Երբ երեխաներս փոքր էին, ես ինձ համար ոչինչ չէի գնում, խնայում էի իմ սննդի վրա, և ինքս ինձ ասում էի, որ ոչինչ, ես այսպես կապրեմ, կդիմանամ, այս ցնցոտիներով կմնամ: Երազում էի, որ երբ երեխաներս մեծանան, անպայման գոհ կլինեն իմ արածից, կգնահատեն իմ զոհաբերությունը, բայց հիմա, երբ ես պառկած եմ և իմ հարբած որդին ինձ վրա բռունցք է թափահարում, ես ոչինչ չեմ կարողանում հասկանալ»: Ես այդ կնոջ հետ երկար խոսեցի և ասացի, որ պետք է ընտրություն կատարել. կամ ընտրել զավակների նկատմամբ սրտում եղած վիրավորվածությունը և տանջվել ամբողջ կյանքում, կամ` փակել սրտի դուռն այդ վիրավորվածության առջև, Աստծուն ասել. «Տե՛ր Հիսուս, ես ներում եմ երեխաներիս» ու ապրել ոչ թե վիրավորված սրտով, հապա` Աստծո քաղցր ներկայությամբ և օրհնությամբ: Եթե այդ կնոջը հարցնեիք, թե ինչո՞ւ է վիրավորվում, նա տասնյակ արդարացնող պատճառներ կբերեր, թե ինչու իրավունք ունի վիրավորվելու: Իսկ դուք կլսեիք նրան ու կասեիք. «Այո՛, պատճառներն իրոք արդարացի են: Այո՛, դու իրավունք ունես վիրավորվելու»:
Իսկ ես այսօր ինձ և ձեզ ուզում եմ ասել. եթե նույնիսկ վիրավորվածությունը հարյուրավոր պատճառներ բերի ապացուցելու, որ ինքը մեր սրտում բնակվելու իրավունք ունի, մենք պետք է հասկանաք, որ մեր սիրտը ստեղծված չէ այնտեղ վիրավորվածություն բնակեցնելու համար: Չարժե, որ մեր սրտերում վիրավորանք պահենք: Մենք պետք է տեղ տանք, որ Սուրբ Հոգին ապրի մեր սրտերում:
Բերեմ մի օրինակ: Հովսեփը գնաց իր հարազատ եղբայրների մոտ, իսկ նրանք մտածում էին, թե ինչպես գումար վաստակեն Հովսեփի միջոցով: Եվ եղբայրները նրան վաճառեցին որպես ստրուկ: Նրանք նրա համար շրջագայության ուղետոմս չգնեցին, այլ վաճառեցին գերության և ուղարկեցին այլ երկիր: Հիմա պատկերացրեք Հովսեփի սիրտը, երբ նա Եգիպտոսի շուկայում էր, որտեղ ստրուկներ էին վաճառում: Նա կանգնած էր, և շատ մտքեր էին փոթորկում նրա սիրտը: Այդ մտքերը նրան կարող էին ասել. «Դու եղբայրներիդ մոտ գնացիր բաց սրտով, իսկ նրանք քեզ վաճառեցին այնպես, ինչպես ոչխարին են վաճառում»: Դուք կարո՞ղ եք պատկերացնել նրա սիրտը: Վիրավորվածությունը կանգնած թակում էր նրա սիրտը և ասում. «Հովսե՛փ, ես իրավունք ունեմ բույն դնելու քո սրտի մեջ, քանի որ քո հարազատ եղբայրները քեզ վաճառեցին»: Ես ուզում եմ ասել, համոզվելու համար, որ վիրավորվածությունը թակում էր նրա սիրտը, բայց Հովսեփը դրան տեղ չտվեց:

                                                                                                       (շարունակությունը` հաջորդ համարում)
 

                                                                                                                                                   Իգոր Ազանով
                                                                                                                                          երեց, Բելառուսիա


                                                                                                                              Փետրվար, 2010թ., N 2 (8)